Ոչ սպորտային Արթուր Ալեքսանյանը


Mediamax Sport-ը գրում է․

Քանի դեռ կորոնավիրուսը չի նահանջել ու սպորտային միջոցառումներն էլ դադարեցված են, շարունակենք մեր մարզիկներին նորովի բացահայտել, պարզել նրանց նախասիրություններն ու սովորությունները:

Mediamax Sport-ն այսօր ծանոթացնելու է ձեզ Աշխարհի, Եվրոպայի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ:

Փոքրիկ Արթուրը

Լուսանկարը` Մեդիամաքս
Ծանոթացեք: Այս շիկահեր ու կապուտաչյա փոքրիկն Արթուր Ալեքսանյանն է: Ըմբշամարտով սկսել է մարզվել 8 տարեկանից: Առաջին քայլերը կատարել է Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցում, որն այժմ իր անունով է կոչվում:

Ֆուտբոլասերը

Ըմբշամարտից բացի ֆուտբոլ է շատ սիրում, չնայած ազատ ժամանակ քիչ է ունենում, բայց փորձում է բաց չթողնել Մադրիդի «Ռեալի» հանդիպումները: Նրանք փոքր տարիքից եղբոր հետ արքայական ակումբի երկրպագուներ են: Ալեքսանյանն ամեն ինչ գիտի թիմի մասին: Երբ Գյումրիում է լինում, ներկա է լինում «Շիրակի» տնային հանդիպումներին:
Մի անգամ խոստովանել է, որ ֆուտբոլիստ դառնալու դեպքում կխաղար հարձակման կամ կիսապաշտպանության ձախ եզրում:

Ի դեպ, ընկերների հետ հաճախ է մինի ֆուտբոլ խաղում: Գյումրիում երրորդ անգամ անցկացված «Ֆուտզալ Բիզնես Լիգա» մրցաշարում նա ըմբիշների թիմի հետ՝ UWW GYUMRI, հաղթող է դարձել:
Լուսանկարը` Futsal Business League Gyumri
Սպիտակ արջը

Արթուր Ալեքսանյանը վաղուց հայտնի է Սպիտակ արջ մականունով, որը նրան տվել է սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը: Սկզբում միայն նա էր այդպես անվանում ըմբիշին, աստիճանաբար այդ մականունը սկսեցին կիրառել նաեւ ԶԼՄ-ում:

Գիլոյանը չի մոռանում ամեն տարի փետրվարի 27-ին սպիտակ արջերի միջազգային օրը Ալեքսանյանին պարտադիր շնորհավորել:

2016 թվականի Օլիմպիական խաղերից Ալեքսանյանին դիմավորելիս Գյումրիում նրա պատվին մեծ սպիտակ արջի արձան են տեղադրել:
Լուսանկարը` Գյումրու քաղաքապետարան
Գիլոյանն ու Արթուրը

Հունահռոմեական ըմբիշը մտերիմ հարաբերություններ ունի Գիլոյանի հետ: Նրանց հետ կապված մի քանի հետաքրքիր դրվագ կա:

Նախ հիշենք, թե 2016 թվականի Օլիմպիական խաղերում Ալեքսանյանն ինչպես սափրեց Գիլոյանի գլուխը:

 Դեռ 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ Գիլոյանը խոստացել էր գլուխը սափրել, եթե հայ մարզիկներից որեւէ մեկին հաջողվի ոսկե մեդալակիր դառնալ: Նա ստիպված եղավ սպասել 2 Օլիմպիական խաղեր: Ռիոյում իր հաղթանակից հետո Ալեքսանյանը վարպետորեն կատարեց նաեւ վարսավիրի աշխատանքը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Իսկ այս տարվա Եվրոպայի առաջնությունում նվաճած իր 5-րդ ոսկե մեդալը նա նվիրեց Գիլոյանին: Տարիներ առաջ էր այդ խոստումը տվել ու պահեց այն:

«Խոստացել էի նրան, իսկ երբ ես որեւէ բան եմ ասում, անպայման կատարում եմ: Կարեւորն այն է, որ այդ ոսկին Հայաստանում է, էական չէ Գիլոյանի, թե՝ ինձ մոտ»:

Ամենատիտղոսակիրը


Արթուր Ալեքսանյանը նորանկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկն է: Նա 5 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, 4 անգամ նվաճել Աշխարհի առաջնությունների ոսկե մեդալ, 2016-ին դարձել է Օլիմպիական չեմպիոն, 2012-ին Լոնդոնի խաղերում 3-րդ տեղը զբաղեցրել: 2019-ին էլ նա մեդալների իր հավաքածուն համալրել է Եվրոպական խաղերի ոսկով:

Թեեւ Ալեքսանյանի նվաճած բազմաթիվ ոսկիների կողքին մյուսների մասին սովորաբար մոռանում ենք, սակայն տիտղոսները նշելիս պետք է հիշատակել նաեւ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների 2-ական արծաթե մեդալներն ու 1 բրոնզը:
Լուսանկարը` Անձնական արխիվից
Հանգիստը

Երկարատեւ եւ ամիսներ ձգվող ծանր մարզումներից ու մրցումներից հետո ըմբիշը սիրում է վայելել հանգիստը: Նա նախընտրում է ծովափնյա հանգստավայրերն ու սովորաբար մեկնում է ընկերներից որեւէ մեկի հետ:

«15-օրյա հանգիստը որեւէ ծովափնյա երկրում ինձ նոր լիցքեր է տալիս ու վերականգնում»:

Առաջին անգամ արտասվելը


Հաղթանակներից հետո Ալեքսանյանը շատ էմոցիոնալ չէ, սովորաբար նվաճած ոսկե մեդալները ձեռքի մեկ ժեստով կամ էլ գորգում դրոշով պտույտ գործելով է նշում: Սակայն ամեն ինչ այլ էր Օլիմպիական Ռիոյում: Առաջին անգամ մենք տեսանք այդքան հուզված ու անգամ արտասվող Ալեքսանյանին:

Նա արցունքները չկարողացավ զսպել ոչ մրցավարի սուլիչից հետո, ոչ էլ չեմպիոնական պատվոհարթակին:
Ամաչկոտ ու քաղցրասեր

Ամաչկոտ ու քաղցրասեր

Ալեքսանյանը քչախոս ու բնավորությամբ հանգիստ է: Թեեւ շատ չի խոսում, բայց գյումրեցիների պես սիրում է կատակներ անել: Բայց դրա հետ մեկտեղ բնավորության այսպիսի գիծ ունի:
«Պետք է խոստովանեմ, որ ամաչկոտ եմ: Ժամանակի ընթացքում, իհարկե, անցել է, բայց հիմա էլ երբեմն զգում եմ, որ մե քիչըմ խանգարում է»:

Իր խոսքով՝ շատակեր չէ, բայց քաղցրավենիքից երբեք չի հրաժարվում, հատկապես թխվածքներ է նախընտրում:

«Չեմ ուտում յուղոտ ուտելիքներ ու գառան միս: Մենք` մարզիկներս, հիմնականում մսակեր ենք, որովհետեւ այն շատ էներգիա է տալիս: Խորհուրդ կտամ մրգել ուտել, ինքս բանան եմ սիրում, նարինջ ու հատկապես՝ արքայանարինջ (կառալյոկ)»:
Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան

 Արթուր Ալեքսանյանը ՅՈւՆԻՍԵՖ-ի ազգային դեսպաններից է: Նա այդ աշխատանքը ստանձնել է 2019-ի նոյեմբերից

Ըմբիշը երեխաների հետ մի քանի հոլովակներում է նկարահանվել ու ընդգծել առողջ սնվելու կարեւորությունը:


Մուկուչյանի հետ մարզումը

2019 թվականին երգչուհի Իվետա Մուկուչյանը լուսանկար էր հրապարակել, թե ինչպես են մարզվել Ալեքսանյանի հետ: Հետո նաեւ այսպիսի տեսանյութ է հայտնվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Next Project