Ավինյանը ներկայացրել է երեխաներ ունեցող ընտանիքների բնակապահովության պետական աջակցության նոր ծրագրերը



ՀՀ փոխվարչապետ տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Վերջերս ներկայացրել էի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի ու խնամքի նպաստի վերաբերյալ տեղի ունեցած կարևոր նորամուծությունները:

Այժմ անդրադառնանք երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերին:

Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար տրամադրվում է մեկ անգամ և ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը:

Ծրագրի շահառու եք, եթե`

հիփոթեքային վարկով ձեռք եք բերել բնակելի անշարժ գույք մարզային բնակավայրերում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո.

ունեք առնվազն 2 անչափահաս երեխա.

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է ևս 5 մլն դրամ:

Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է`

մինչև 1 մլն դրամ, եթե ունեք 30-ից բարձր տարիք: Ընդ որում՝ երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի դեպքում աջակցությունն ավելանում է մինչև 500.000 դրամով (առավելագույն չափը 2 մլն դրամ).

մինչև 2,6 մլն դրամ, եթե ունեք 30-ից ցածր տարիք:

Երեխայի ծննդով պայմանավորված միանվագ դրամական աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին. տրամադրվում է երեխա ծնվելու դեպքում և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Ծրագրի շահառու եք, եթե`

Ձեր երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո.

առնվազն 12 ամիս կատարել եք հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը.

ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է ևս 5 մլն դրամ:

Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է՝

մինչև 500 000 դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք, և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան.

մինչև 2 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք, և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան.

մինչև 1,5 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան.

մինչև 4 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք, և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան»:
Next Project