«Ռոմայի» երկար սպասված հաղթանակն ու Մխիթարյանի հերթական գոլը

«Ռոման» վերջապես կարողացել է Իտալիայի առաջնությունում հաղթանակի հասնել:

Թիմը 2:1 հաշվով ուժեղ է եղել «Պարմայից», որն առաջինն է 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացել 9-րդ րոպեին:


Երկրորդ հանդիպումն անընդմեջ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Նա 43-րդ րոպեին խփել է պատասխան գնդակը, իսկ Ժորդան Վերետուն հաղթանակ է բերել «Ռոմային»:

Հռոմեական ակումբի մարզիչ Պաուլու Ֆոնսեկան գոհ է արդյունքից, բայց կարծում է, որ կարող էին ավելի շատ գոլեր խփել:

«Շատ կարեւոր հաղթանակ էր մեզ համար: Ցույց տվեցինք մեր հավակնություններն ու հաղթելու ձգտումը: Բայց պետք է շարունակենք նույն օգով գործել»,- ասել է Ֆոնսեկան:

«Ռոման» 51 միավորով 5-րդն է, նույնքան միավոր ունի նաեւ «Նապոլին»:
Next Project