Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը



Ադրբեջանական զինուժը հուլիսի 16-ի գիշերը թիրախավորել է հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Տավուշի մարզի Այգեպար համայնքը։ Հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպար համայնքի մանկապարտեզի շենքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։

Երեկ՝ հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Այս պահին մարտերը շարունակվում են։ Տավուշում տեղակայված Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք:

Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ հայկական կողմն ունի 4 զոհ, ադրբեջանական կողմը՝ 11:
Next Project