Առողջապահության նախարարությունը տվել է թույլտվությունը, հայկական թեստերը կմտնեն շուկա



Կորոնավիրուսը ախտորոշող` հայկական արտադրության PSR թեստերը շուտով կկիրառվեն։ 

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սպասում է Առողջապահության նախարարության թույլտվությանը՝ թեստերը կիրառության մեջ դնելու համար: 

«Նախատեսված է օրական 2000 թեստի արտադրություն, բայց հնարավոր է մեծացնել ծավալները, եթե դրա կարիքը լինի։ Այս պահին ունենք պահեստային 6000 թեստ»,- առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Խոսելով որակի և արդյունավետության մասին՝ նա վստահեցրեց, որ դրանք 98 տոկոսով համընկնում են ներկրված թեստերի հետ։

Հարցին՝ նախատեսվո՞ւմ է թեստերի արտահանումը, Արսեն Առաքելյանը նշեց.

«Այս պահին չենք քննարկում, քանզի դրանք պետք է անցնեն սերտիֆիկացիայի և գրանցման փուլ։ Հակամարմինների թեստերի ներուժ ունենք, սակայն կարծում ենք, որ այս փուլում ավելի կարևոր է PSR թեստերի արտադրությունը»։

Թեստերի փորձնական արտադրությունը սկսվել է մարտին: Մայիսից արդեն հիմնական արտադրությունն է՝ կառավարության օժանդակությամբ։

«Ստացել ենք 250 հազար դոլարի համարժեք դրամ՝ 100 հազար թեստի համար։ Հավելյալ ֆինանսավորում չենք ստացել»,-ասաց Արսեն Առաքելյանը։ 

Հայկական արտադրության մեկ թեստի արժեքը կկազմի 2.74 դոլար,որը մի քանի անգամ ցածր է շուկայական գներից։

Առողջապահության նախարարությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ գրությունն արդեն ուղարկվել է։

Next Project