Սևանա լճում ստորջրյա հետազոտողները ափ են դուրս բերել մարդկային ոսկորներ և խորտակված նավակի բեկորներ




Սևանա լճում իրականացվել են գիտական մակարդակով ստորջրյա հնագիտական հետախուզական աշխատանքներ. սուզորդները լճի հատակին փաստագրել են խորտակված նավակի պահպանված հատված, որոշ բեկորներ դուրս են բերել ափ։

Արտաքին զննությամբ՝ բեկորներից մեկի վրա պահպանված գամը նման չէ գործարանային արտադրանքի, ավելի հավանական է, որ այն դարբնի աշխատանք է. հնարավոր է այն ունի մի քանի հարյուրամյա պատմություն։ Հնագետների, երկրաբանների արշավախմբի և «ԱրմԴայվինգ» ակումբի սուզորդների համատեղ նախաձեռնությամբ կատարված հետազոտական աշխատանքի արդյունքում ափ են դուրս բերվել մարդկային մի քանի ոսկորներ, ստորին ծնոտ՝ պահպանված ատամներով, որոնք, ըստ նախնական հետազոտության արդյունքների, հավանաբար պատկանել են չափահաս տղամարդու։

Արշավախումբն ավելի վաղ պեղումներ է իրականացրել Սևանա լճին մոտ գտնվող «Արտանիշ 23» դամբարանադաշտում, այն թվագրվում է մ.թ.ա. 12-6-րդ դարեր: Առաջին անգամ Արտանիշ գյուղում հնագիտական պեղումներ իրականացվել են անցած տարի նույն արշավախմբի նախաձեռնությամբ. «Արտանիշ 29» և «Արտանիշ 23» դամբարանադաշտերի տարածքում պեղվել էր մեկական դամբարան։

Օգոստոսի սկզբին մեկնարկած աշխատանքներն ավարտվել են ամսի 25-ին։ Հնագիտական աշխատանքների վերաբերյալ ամբողջական հաշվետվությունը և արդյունքների ամփոփումը հնագետների խումբը կներկայացնի ավելի ուշ։

Next Project